Մոտ 8000 դոլար կստանա ապահովագրական ավանդների յուրաքանչյուր ժառանգորդ
Նկատի ունենալով AXA ապահովագրական ընկերության կողմից Հայոց ցեղասպանության զոհ ավանդատուների իրավահաջորդներին վճարվելիք գումարների հետ կապված "Օրեր" ամսագրում ստացվող հեռախոսազանգերը, կրկին պարզաբանման խնդրանքով դիմեցինք ամերիկահայ փաստաբան Վարդգես Եղիայանին։
Ըստ ստացված տեղեկությունների, "AXAի համաձայնության պահանջատիրական հիմնադրամի" խորհրդի ընդունած որոշումը հաստատվել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Կենտրոնական շրջանի Շրջանային դատարանի կողմից։ Քանի որ այդ որոշումը վերջնական է եւ ենթակա չէ վերանայման, խորհուրդը փակել է իր աշխատանքային գրասենյակը։
Այսպիսով, հիմնադրամը ստացել էր 13 790 դիմում, որից ընդունվել է 996-ը, եւ մերժվել` 12 794-ը։
Յուրաքանչյուր դիմումի համար տրվող գումարը 8000 ԱՄՆ դոլարից մի փոքր ավելի է։ Հասցեատերերի անուններն ըստ երկրների դեռեւս ենթակա չէ հրապարակման, սակայն 2 շաբաթվա ընթացքում բոլորին նամակներ կուղարկվեն։
Ավելացնենք, որ "AXA-ի համաձայնության պահանջատիրական հիմնադրամը" միավորում էր Հայոց ցեղասպանության զոհերի իրավահաջորդների շահերի պաշտպանությամբ զբաղվող երեք ամերիկահայ փաստաբանների` Վարդգես Եղիայանի, Բրայն Քաբատեկի եւ Մարկ Գիրակոսի գրասենյակները, իսկ ներկայացված դիմումների վերաբերյալ որոշում է կայացրել հիմնադրամի խորհուրդըՙ Սամուել Շնորոքյանի (Փարիզ), Հիլդա Չոբոյանի(Լիոն), Դկ. Զավեն Գաբրիելյանի (Մարսել) մասնակցությամբ եւ Բարսեղ Քարթալյանի(Լոս Անջելես) տնօրինությամբ։ Որոշումները պատրաստ էին դեռեւս 2009-ի հուլիս-օգոստոսից, բայց տեխնիկական պատճառներով դատարանի որոշումը կայացվեց միայն 2010-ի հունվարի վերջին։
AXA -ից ստացված 17.6 միլիոն ԱՄՆ դոլարից 11 միլիոն դոլարը պետք է բաժանվի ժառանգորդներին։ Մնացյալը տրվել է փաստաբաններին եւ հայկական համայնքային եւ բարեգործական կազմակերպություններին։
"ՕՐԵՐ" եվրոպական ամսագիր, Պրահա, 03.02.2010
Հունվարի 31-ից AXA-նկվճարիՀայոցցեղասպանությանզոհերիգրեթե 1000 ժառանգորդների
Ինչպես "Օրեր" եվրոպական ամսագիրը տեղեկացավ ամերիկահայ հայտնի փաստաբան Վարդգես Եղիայանից, հունվարի 31-ից AXA ապահովագրական ընկերության կողմից Հայոց ցեղասպանության զոհերի կամ տուժածների գրեթե 1000 ժառանգորդներ 2 շաբաթվա ընթացքում կստանան իրենց հասանելիք փոխհատուցման գումարները։ 12 հազարից ավելի հայցեր դատավորի կողմից ստացել են մերժում եւ այդ մասին բոլոր հայցվորները նույնպես կստանան ծանուցում։ Հայտնի է, որ "Աքսա"-ի դեմ հարուցված դատական գործի արդյունքում, 2007-ին հայ փաստաբանների խումբը շահել էր 17,5 միլիոն դոլար, որից 11 միլիոնը պետք է բաժանվի ժառանգորդներին, իսկ մնացյալը տրվել է փաստաբաններին եւ Ֆրանսիայի հայկական կազմակերպություններին։
"ՕՐԵՐ", 29.01.10
Չեխիայում նշվեց "ՕՐԵՐ" եվրոպական ամսագրի 10-ամյակը
Նոյեմբերի 20–ի երեկոյան Պրահայի կենտրոնական գրադարանի մեծ դահլիճում հանդիսավորությամբ նշվեց «Օրեր» եվրոպական ամսագրի 10-ամյակը: 1999 թվականի վերջերին Չեխիայի մայրաքաղաքում հիմնադրված ամսագիրը 10 տարվա ընթացքում ոչ միայն չեխահայության, այլեւ եվրոպական մի շարք երկրների հայության սիրված պարբերականն է դարձել: Ինչպես իր ողջույնի խոսքում նշեց Ավստրիայում ՀՀ դեսպանության Պրահայի գրասենյակի ղեկավար Աշոտ Ոսկանյանը` «Օրեր»ն անցած տարիներին մեծապես նպաստել է Արեւելյան Եվրոպայում եւ մասնավորապես Չեխիայում հանգրվանած մեր հայրենակիցների եւ Հայաստանի միջեւ կապերի ամրապնդմանը, տպագրվել է արեւելահայերենով, լայնորեն լուսաբանել եվրոպահայության անցուդարձը, կատարելով մեծ ու կարեւոր աշխատանք»: «Օրեր»-ի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանն ընթերցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուղերձը` ամսագրի 10-ամյակի առթիվ: Շնորհավորելով խմբագրակազմին, նախարարը մասնավորապես նշել է` «Վստահ եմ, որ Ձեր ամսագիրը ոչ միայն Չեխիայի հայ համայնքի ամենասիրելի եւ սպասված պարբերականներից մեկն է, այլեւ արդեն հաստատուն եւ անքակտելի կամուրջ է Հայրենիքի եւ Սփյուռքի միջեւ: Դժվար չէ պատկերացնել, որ այդ ամենին հասնելու համար ինչպիսի դժվարություններ եք հաղթահարել եւ միայն համառ ու անկոտրում կամքի եւ նվիրումի շնորհիվ կարողացել եք ստեղծել եւ իրականացնել Ձեր Երազանքը, ունենալ հայատառ եւ հայակնիք եւս մեկ պարբերական Եվրոպայում:
Համոզված եմ, որ այսօր ՀՀ սփյուռքի նախարարության եւ «Օրերի» միջեւ ստեղծված համագործակցությունն էլ ավելի է խորացնում եւ ջերմացնում Հայրենիքի եւ համայնքի միջեւ հոգեւոր հաղորդակցությունը եւ լավ խթան է հանդիսանում նաեւ ապագա ծրագրերի համար»:
Նախարարը հույս է հայտնել, որ «Օրերը» կշարունակի մնալ հիրավի ազատ ամբիոն մեր բոլոր հայրենակիցների համար` մաղթելով նոր խորագրեր, նոր հովանավորներ եւ բազում ընթերցողներ:
"Օրեր"-ի 10-րդ տարեդարձը շնորհավորեց նաեւ նկարիչ, «Արմենիա» ակումբի նախագահ Տիգրան Աբրահամյանը, ով "Օրեր"-ի 1-ին համարի լույս ընծայումը համարեց երեւույթ Չեխիայի հայ համայնքի կյանքում, եւ կարեւորեց ամսագրի ունեցած կշիռը, նկատելով, որ նույնիսկ մի շարք միջազգային պարբերականներ «Օրեր»-ից հոդվածներ են արտատպել: Պրահայի Կարոլինյան համալսարանի երգչախմբի եւ նվագախմբի գլխավոր դիրիժոր Հայկ ՈՒթիջյանը ընդգծեց «Օրեր»-ի կատարած դրական դերը հայ-չեխական հարաբերություններում, եւ չեխերեն էջերով ու թարգմանական նյութերով հայկական մշակույթը չեխ ընթերցողին եւ չեխական արվեստը հայ ընթերցողին ներկայացնելու կարեւոր գործը: "Շատերը փորձեցին թերթեր հրատարկել, սակայն Հակոբ Ասատրյանի գլխավորած «Օրեր»-ը միակն էր, որ դիմացավ ժամանակի փորձությանը եւ 10 տարի շարունակ հասավ ընթերցողին",- ասաց Հայկ Ութիջյանը:
Պրահայի հայկական շաբաթօրյա դպրոցի ուսուցչուհի Լարիսա Գրիգորյանն իր շնորհավորանքի խոսքն ասաց իբրեւ ընթերցող. «Չնայած հայկական հեռուստատեսության եւ ինտերնետի առկայությանը, «Օրեր»-ի ամեն մի նոր համարի հետ մեր տուն է մտել ջերմություն, եւ մենք զգացել ենք Հայաստանի շունչը»: Նրա ասելով, «Օրեր»-ը բերել է ոչ միայն հայաշունչ խոսք, այլեւ թեմաների ու հոդվածների բազմազանություն, ինչը վկայում են նաեւ դահլիճի էկրանին ցուցադրվող ամսագրի բոլոր համարների շապիկները:
Իսկ շաբաթօրյա դպրոցի տնօրեն Արմեն Քոլոյանը շնորհավորելով ամսագրի խմբագրին, շեշտեց, որ պարբերականն անցած տարիներին միշտ եղել է դպրոցի կողքին եւ հաղթահարելով բազում դժվարություններ, կարողացել է դառնալ համայնքային կյանքի լուսաբանման միակ օրգանը:
Իր հերթին, «Օրեր»ի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը շնորհակալություն հայտնեց ամսագրին աշխատակցած լրագրողներին, աջակցած բոլոր հովանավորներին ու հոգաբարձուների խորհրդի անդամներին, Պրահայի քաղաքապետարանին, խմբագրակազմին ու բաժանորդներին, հույս հայտնելով, որ 2010-ին եվրոպահայ ընթերցողը կտեսնի որակապես նոր «Օրեր»:
Երեկոյի մթնոլորտը ջերմացրին հայ երաժիշտները: Պրահայաբնակ ջութակահարներ Արմեն Սարգսյանը, Աննա Համբարձումյանը եւ երիտասարդ երգչուհի Վարինե Մկրտչյանը կատարեցին հայկական ժողովրդական երգեր: Իսկ վերջում բեմահարաթակը տրամադրվեց նախկին երեւանցի, ծագումով հունահայ երգչուհի Քրիստի Գայանե Սոխակյանի եւ իր չեխ ամուսնու` երաժիշտ Զդենեկ Կանսկիի խմբին: Նրանք հայտնի չեխ թավջութակահարուհի Մարգիտ Կլեպաչովայի հետ միասին ներկայացրին հայկական ժողովրդական եւ հեղինակային երգեր, հունական ազգային եւ ջազային երաժշտական կատարումներ:
Գայանե Սոխակյանը ե՛ւ դաշնամուր էր նվագում, ե՛ւ երգում, ե՛ւ մեկնաբանում էր իր իսկ գրած ստեղծագործությունները: Համերգային հարուստ ծրագրից հետո ներկաները ջերմ մթնոլորտում ճաշակեցին հայկական լավաշն ու դոլման, «Մառլենկա» հանրահայտ թխվածքն ու ըմպեցին հայկական կոնյակ:
Այսպիսով, սկսվեց «Օրեր» ամսագրի 10-ամյակին նվիրված միջոցառումների շարքը:
Կովկաս-Արեւելյան Եվրոպա լրատվական կենտրոն, Պրահա, 22.11.09, hakob@orer.cz