Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Կազմակերպությամբ Ֆրանսիայի Հայկական Ընկերակցության, ֆրանսիական Թուլուզ եւ Մոնպելիե քաղաքներում  կայացավ իսպանաբնակ բանաստեղծ, հասարակական գործիչ Արարատ Ղուկասյանի «Փնտրտուքների ճանապարհին» գրքի շնորհանդեսը։
 
Թուլուզում նախաձեռնության կազմակերպիչներն էին Լուսինե եւ Նիկոլա Ստեփանյանները։ Հեղինակին եւ նրա ստեղծագործական ուղիին անդրադարձից հետո, ասմունքով հանդես եկան տեղի հայկական դպրոցի սաներն ու ծնողները՝ հավաքված հայրենակիցների ուշադրությանը ներկայացնելով գործեր, որոնք տեղ են գտել վերոհիշյալ ժողովածուի էջերում։ Յուրօրինակ երեկոն երաժշտական կատարումներով դաշնամուրի վրա գեղեցկացրեց Աննա Գեւորգյանը։ 
 
 Մոնպելիեյում տեղի ունեցած միջոցառման ընթացքում օրվա հերոսի կյանքի ու պոեզիայի մասին խոսեց Գոհար Գալուստյանը, ում ելույթից հետո բեմը դարձյալ երեխաներին տրամադրվեց, եւ նրանք մի քանի գործ արտասանեցին վերոհիշյալ ժողովածուի։ Մինչդեռ Անահիտ Մանուչարյանը կատարեց երգերից մեկը՝ գրված Ա. Ղուկասյանի խոսքերով։ Բանաստեղծն ինքը ներկայացրեց գիրքը եւ պատասխանեց ներկաների հարցերին։
Իսկ ինչ վերաբերում է անմիջապես նրա ստեղծագործությանը, ապա հարկ է ընդգծել, որ իր ծննդավայր Հրազդանից մինչ եվրոպական տարբեր երկրների մեծ ու փոքր քաղաքներ՝ զգացմունքներ առաջացրած բազմապիսի դրվագներ են այդտեղ, որ հարյուրավոր վերապրումների պատճառների էին վերածվել՝ միեւնույն վերնագրով ժողովածուն նոր գործերով լրացնելու եւ ընթերցողների լսարանին հասանելի դարձնելու համար։
 
Շարք է, որի էջերում մնայուն են որոնումները. իմաստների, հույզերի, տրամադրությունների, տրամաբանությունների։ Անվերջ երկար է ձգվող ճամբան. մանկության բակից՝ դեպի երկնային աստղեր։ Հայրական օջախ, առաջին սեր, Հայրենիք, տարիների ընթացքում անդադար ավելացող փիլիսոփայական խոհեր՝ ամեն ինչ կա նրա տողերում։ Օրերի շարանն իր հետ անխուսափելիորեն փորձ եւ արտահայտման նոր եղանակներ է բերել, հղկելով հեղինակի ներաշխարհն ու ստեղծագործական ոճը։ Ստացած ժառանգության ճանաչմամբ։ Ապագային հարած հայացքով, որի համար իր սեփական կտակն է կազմում։
 
Բոլոր ժամանակներում եւ ցանկացած ազգերի շրջանում նույնն են թեմաները եղել։ Խնդիրն այն է, թե հստակ մեր՝ հայության շրջանում, դարեր առաջ գողթան երգիչները եւ այս օրերին՝ Արարատ Ղուկասյանն ու այլ բանաստեղծները, ինչպե՞ս են կարողանում արտահայտել իրենց դարը, իրենց միջավայրը, սեփական պատկանելության խնդիրը։ Վերջինն առավել արդիական է այժմ, երբ արագ զարգացող աշխարհում շոշափելիորեն փոխվում են սահմաններն ու իրողությունները։ 
 
Իսկ «Փնտրտուքներն...»  այդ իմաստով՝  հարազատ տոհմի յոթ ճյուղերից մեկի ընդլայնող ուղին է, որի հատվածը տրված է անցնել Ա. Ղուկասյանին (չդադարելով գաղտնիքների ու արժեքների՝ շերտ առ շերտ, կետ առ կետ, բացահայտումների անձական իր ընթացքը)։ Հապա, խոսք ու հանգի միջոցով սպիտակ թղթի վրա ապրածն ու գիտակցածը փոխանցելու պահին, պետք է չմոռանա նաեւ այն, ինչի մասին խոսվեց արդեն. ոչինչ նոր չէ այս գոյության մեջ՝ այն ամենն, ինչի մասին գրում է, հատկապես հայկական պոեզիայում (Նարեկացիից՝ Հովհաննես Գրիգորյան)՝ բոլոր բանաստեղծների գրիչներով է ասվել։ Գրականությունն իր էջերով լրացնողը արտահայտման չկրկնվող ձեռագիրը եւ ընդօրինակումներ բացառող եղանակներն է ընտրել, որոնց անշեղորեն հետեւում է, մինչդեռ շրջում է շարունակական որոնումների  ու անակնկալներով լի անհարթ ուղիներով։ 
 
Ճիշտ է, որ մեր օրերում մարդիկ այլեւս քիչ են կարդում պոեզիա եւ հաճախ է արդեն նույն հարցը կրկնվում. ինչո՞ւ գրել։ Դա նույնն է, եթե մորը, ով գաղթի օրերին ավազի վրա իր զավակին հայերեն այբուբենն էր սովորեցնում, հարցնեին. «Տիկին, ինչո՞ւ եք դուք այդ երեխային ինչ-որ դասեր տալիս, երբ չգիտեք՝ կենդանի կմնա՞ք»։ Ա. Ղուկասյանն, ի դեպ, բովանդակությամբ նույն օրինակը ունի, երբ ընդհամենը... երկու աշակերտի համար հայկական դպրոց բացելու զարկն էր տվել։ Վստահ եղեք. թե անգամ միայն մեկ հայ լիներ միայն՝ դարձյալ կբացեր ա՜յն։
 
Այդպես էլ. եթե ժամանակակից պայմաններում նույնիսկ մեկ հոգի պոեզիայի պահանջը զգա՝  անպայման նրա համար էր գրելու, ով հոգեւորի պահանջը ունի։ Քանզի ասելիք կա. այդ մեկի, ազգի եւ՝ համայն մարդկության համար։ Եվ քանզի տաղանդն անմասն չի թողնում նրան արտացոլել ամենայն ինչ, որ շատեին է հուզում։ Բանաստեղծի խոսքը «Փնտրտուքների ճանապարհին» շոշափելի է դարձնում զգացմունքներ, որոնց յուրաքանչյուրի կյանքում այդքան մեծ դերակատարություն է տրվում եւ որոնք, միեւնույն պահին, տեւական են՝ այնքան, որքան գոյություն կունենա ինքը՝ մարդկությունը։ 
 
Իրական կյանքում հեղինակին շատ կարճ է տրված եղել վայելելու երջանկության՝ որպես ամբողջություն հաճույքը. դրան շուտով եկավ փոխարինելու դառնահամ  զրկանքների շրջանը՝ ծնողների անժամանակ կորուստը, կայսրության անսպասելի անկումը, վրա հասած անխուսափելի դժվարությունների երկար շարանը, որոնք ե՜ւ նեղում էին, եւ... նոր բանաստեղծությունների հայտնության սկիզբը դառնում։
Այդ պայմաններում ավարտեց դպրոցն ու համալսարանը, ծառայեց նորանկախ Հայաստանի բանակում, ծավալեց իր գործունեությունը ու ինքն իրեն... պոեզիային նվիրեց։  Գուշակում եմ, որ հոդվածի ընթերցողները կուզենային գեթ մեկ երկտող մեջբերեմ ժողովածուից։ Իսկ մեջբերում չանելը միայն մեկ նպատակ է հետապնդում՝ որ նա անձամբ կարդա եւ իր տպավորությունը ստանա։ 
 
Արթուր Ղուկասյան 
Իսպանիա