Ինչպես մայր Հայենիքում, այնպես էլ աշխարհի տարբեր հայաշատ անկյուններում այս օրերին ՚՛՛Հիշում եմ եւ պահանջում՛՛ խորագրով կազմակերպվում են ոգեկոչման միջոցառումներ՝ նվիրված դարասկզբի ամենամեծ ոճիրի՝ Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցին: Այդ շարքը 2015-ի մայիսի 16-ին, ժամը 14:00-ին կհամալրի նաեւ Նիդեռլանդների ամենախորհրդանշական կառույցներից մեկում՝ Նոյյան Տապանում անցկացվելիք միջոցառումը՝ ի հիշատակ 1915 թվականի Մեծ Եղեռնի մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի: Միջոցառման վայրը խորհրդանշական է եւ արտահայտում է վերածննդի գաղափարը: Վերածնունդ, որի շնորհիվ հայերն ապրեցին ու տարածվեցին աշխարհով մեկ: Միջոցառմանը մասնակցում են եւ ելույթով հանդես կգան պատգամավորներ, հասարակական գործիչներ, հայ համայնքի ղեկավար ներկայացուցիչներ, նաեւ Նիդեռլանդներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը: Միջոցառման ընթացքում կհնչի հայկական ազգային երգ-երաժշտություն: