Մարտի 18-ին, ժամը 17:30, Մոսկվա կ/թ փոքր դահլիճում տեղի կունենան Երախտագիտության քարտեզ» ֆիլմաշարի երկրորդ՝ «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմի երևանյան պրեմիերայի վերաբերյալ մամուլի ասուլիս: Ներկա կլինեն ֆիլմաշարի մտահղացման հեղինակ ու պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանը և բեմադրող օպերատոր Աշոտ Մկրտչյանը: Մամուլի ասուլիսին կհաջորդի «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմի երևանյան պրեմիերան՝ մարտի 18-ին, ժամը 19:00, Մոսկվա կ/թ մեծ դահլիճում: «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2021-ի նոյեմբերի 20-ին, Լոս Անջելեսում:
«Ամերիկացի բարի սամարացիները» «Երախտագիտության քարտեզ» ֆիլմաշարի երկրորդ ֆիլմն է: Առաջինը «Փրկության քարտեզն» էր, որը պատմում է եվրոպացի հինգ մեծ հումանիստ կանանց կյանքի և Հայոց ցեղասպանության տարիներին նրանց մարդասիրական առաքելության մասին: Այն էկրան է բարձրացել 2015թ. ապրիլին, թարգմանվել 13 լեզուներով և առ այսօր ցուցադրվել է արդեն 20 երկրների բազմաթիվ քաղաքներում, հայաստանյան հեռուստաալիքներով, գնացքներում և համացանցում:
Ֆիլմաշարի մտահղացման հեղինակն ու պրոդյուսերը Մանվել Սարիբեկյանն է: «Փրկության քարտեզ» ֆիլմի ռեժիսորը Արամ Շահբազյանն է:
«Ամերիկացի բարի սամարացիները» վավերագրական դրաման նկարահանել է ռեժիսոր Արա Մնացականյանը: Ֆիլմը պատմում է փրկվածների մասին ու նաև այն արտասովոր մարդկանց, որոնց շնորհիվ իսպառ ոչնչացումից փրկվեցին հայ, հույն և ասորի ժողովուրդների բեկորներ: Մարդկային կյանքի փրկությունն էր նրանց առաքելությունը:
Ֆիլմի ընթացքում ցեղասպանության մասին պատմում է ամերիկացի ցեղասպանագետ Փոլ Լևինը: Նա և անկախ հետազոտողներ, ուսումնասիրելով 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուքիայում ծրագրված և իրագործված ցեղասպանությունները, ներկայացնում են ԱՄՆ-ի հումանիտար օգնության մասին հետաքրքիր տեղեկություններ:
Ֆիլմում օգտագործվել են ԱՄՆ-ի, Հունաստանի, Լիբանանի և Հայաստանի տարբեր արխիվների, գրադարանների և թանգարանների փաստագրական նյութերը: Որպես խորհրդատուներ պատմական փաստերի հավաքագրմանն աջակցել են ԱՄՆ-ի, Հունաստանի, Լիբանանի, Շվեդիայի և Հայաստանի ցեղասպանագետներ, պատմաբաններ, գիտական կենտրոնների պատասխանատուներ ու աշխատակիցներ:
Վավերագրական դրաման նկարահանվել է ԱՄՆ-ում, Գերմանիայում, Իրանում, Թուրքիայում, Հունաստանում, Լիբանանում և Հայաստանում:
68 ր տևողությամբ ֆիլմի բնօրինակ լեզուն անգլերեն է` հայերեն թարգմանությամբ:
«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը ցեղասպանություն վերապրած ժողովուրդների երախտագիտության արտահայտումն է ազգերի փրկության գործի նվիրյալների հիշատակին:
Ֆիլմը 2021-ին նկարահանել է «Ման Փիքչերս Փրոդաքշենը»: Ստեղծմանն աջակցել են միջազգային բազմաթիվ ընկերություններ, ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նաև Հայաստանի կառավարությունը /Հայաստանի Ազգային Կինոկենտրոնի միջոցով/:
«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2021-ի նոյեմբերի 20-ին, Լոս Անջելեսում: Երևանյան պրեմիերան տեղի կունենա մարտի 18-ին` Մոսկվա կինոթատրոնում:
Հղումներ.
Ֆիլմի ցուցադրական (Demo) հոլովակ` https://vimeo.com/446219201
Դիմատետրի էջ՝ www.facebook.com/American-Good-Samaritans-Ամերիկացի-բարիսամարացիները-102023921618890/