Հունիսի 8-ին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում տեղի ունեցավ հանդիպում հայ հեղինակային երգի նվիրյալ Արեգ Նազարյանի հետ։ Արեգն արդեն 17 տարի է բնակվում է Բրյուսելում, բայց շարունակում է ստեղծագործել եւ ներկայացնել իր երգերը, որոնք ծնվել են թե Հայաստանում, եւ թե Եվրոպայում։ Ելույթներ է ունեցել եվրոպական տարբեր երկրներում։
Պրահայում հանդիպումը վերածվեց մտերմիկ հանդիպման, որի ընթացքում Արեգը կատարեց տարբեր տարիներին գրած երգերը՝ նախապես տալով իր մեկնաբանությունները։ Իսկ ելույթն սկսեց 23 տարի առաջ գրված ,,Այս անձրեւի ամեն կաթիլը ծով է,, երգով, որը ժամանակին արժանացել է մրցանակի։ Առաջին իսկ հնչյուններից միանգամից հիշեցրեց Արթուր Մեսչյանին, մանավանդ, որ ձայնային տեմբրը շատ նման էր։
Արեգի ասելով, հեղինակային երգը կատարման ձեւ է։ Եվ հայկական ավանադական երգարվեստը անսպառ պաշար է հեղինակային երգի համար։ ,,Ես փորձեցի բոլոր երգերիս մեջ ներմուծել հայկական ավանդական երգի տարրեր,,- խոստովանեց երգիչը։
Լինելով պրոֆեսիոնալ թարգմանիչ, տիրապետելով մի քանի օտար լեզուների, Արեգը Հայաստանում աշխատել է միջազգային ծրագերի շրջանակներում եւ ճամփորդել տարբեր մարզերում,ինչը խորը հետք է թողել նաեւ նրա ստեղծագործության վրա։ Եվ պատահական չէ, որ նրա երգերի թեմաները բազմազան են՝ սիրո խոստովանությունից մինչեւ հայկական լեռնաշախարհի տարբեր հրաշալիքներին նվիրված ձոներ, մանկական երգերից մինչեւ կատակ երգեր, ինչպես նաեւ Վլադիմիր Վիսոցկու երգերի հայերեն կատարումներ։ Ի դեպ հեղինակային երգի հետ նրա առաջին ծանոթությունը սկսվել է 5 տարեկանում, երբ առաջին անգամ լսել է Վիսոցկու կատարումները։ Չեխահայերի համար նա կատարեց վերջինիս ՚Ճիշտն ու սուտը՚ երգը։
Տպավորիչ էին նաեւ զինվորին նվիրված ՚Բայց ես քո կողքին եմ՚ եւ Արցախին նվիրված կատակ երգերը։ Վերջին՝ ,,Այս երկիրը,, երգի կատարման ժամանակ դահլիճը ձայնակցեց Արեգին։
Արեգ Նազարյանն իր կատարումներով ոչ միայն հուզեց ներկա հանդիսատեսին, այլ տեղափոխեց հայկական մշակութային միջավայր, ուր հույզերը միախառնվում են հայրենասիրական զգացմունքների հետ։
Պատահական չէ, որ Պրահայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ծխական համայնքի կազմակերպած այս հրաշալի ձեռնարկն արժանացավ ներկաների ջերմ ծափողջույններին։ Թե՜ Չեխիայի հայության հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանն իր եզրափակիչ խոսքում, եւ թե՜ միջոցառման գլխավոր համակարգող Արմեն Քոլոյանն իր բացման խոսքում բարձր գնահատեցին Արեգ Նազարյանի արվեստը։ Նա իր ելույթով փոքրիկ ներդրում ունեցավ` հեռավոր ափերում հայկական մշակույթի տարածման ու պահպանման իր առաքելությամբ։
Ցավալի է միայն, որ համերգին ներկա հայ երիտասարդների թիվը մեծ չէր, մինչդեռ նման ելույթները նախեւառաջ նրանց համար է, ովքեր պետք է հայ մշակույթը փոխանցեն ապագա սերունդներին։
Հ.Ա. ՕՐԵՐ