Չեխական հայտնի ,,Մարդիկ եւ երկրներ,, / Lidé a Země / ամսագրի հերթական համարը նվիրված է Հայաստանին, ինչի մասին վկայում է ոչ միայն ամսագրի շապիկի լուսանկարը, այլեւ վերնագիրը՝ ,,Դյութական Հայաստան», որին հետեւում է ՝ ,,Հիասքանչ լեռներ, առեղծվածային վանքեր եւ խորոված՝ թրջված օղիով,, ենթավերնագիրը։ Հոդվածաշարի հեղինակները ընթերցողին տեղեկացնում են, որ իհարկե, Հայաստանն այնպես հայտնի չէ զբոսաշրջիկներին, ինչպես Վրաստանը, բայց միանգամից գրավում է իր առեղծվածային բնությամբ, եկեղեցիներով ու վանքերով, եւ, իհարկե, հյուրասիրությամբ։ Լրագրողներ եւ լուսանկարիչներ Պավել Սվոբոդան եւ Լենկա Զավադիլովան ճամփորդել են Հայաստանում, ճանապարհներին կանգնեցնելով մեքենաներ եւ անծանոթ հայաստանցիների հետ ջերմ բարեկամական կապեր հաստատել՝ նրանց հետ ճաշակելով հայկական խոհանոցի բարիքներն ու ընտանեկան հյուրասիրությունը։
Պավել Սվոբոդան ,, Հայկական արշավ,, հոդվածում պատմում է իրենց ճամփորդության հետաքրքիր պահերին, թե ինչպես են գյուղից գյուղ, քաղաքից քաղաք ճամփորդել, ծանոթացել նոր մարդկանց ու հայկական անսահման հյուրասիրությանը։ Հեղինակը նշում է, որ հայերը շատ լավ են վերաբերում չեխերին, նախկին Չեխոսլովակիան այստեղ բարի անուն ունի։ Տեղացիները ասել են, որ շատ են սիրում չեխական գարեջուրը, կոշիկները եւ զենքը։
Պավել Սվոբոդան գրում է նաեւ թուրքերի կողմից իրականացված հայերի ցեղասպանության մասին, Արարատ լեռան ու Լեռնային Ղարաբաղի մասին, ուր, ի դեպ, չեխ ճամփորդները նույնպես գնացել են եւ հիացական տպավորություններ ստացել արցախցիների հյուրընկալությունից եւ բնաշխարհից։ Չեխ հոդվածագիրը չի մոռանում նշել նաեւ, որ Ադրբեջանը դեմ է օտարերկրացիների Արցախ այցելությանը։ Չնայած ճակատագրով պարտադրված պատերազմին, մարդիկ այստեղ մնացել են բարի ու հյուրասեր։ Պավելն անդրադառնում է նաեւ Հայաստանի ,,մարգարիտ Տաթեւին,,։ Առանձին պարբերությամբ գրում է նաեւ հանրաճանաչ լեռնային Սեւան լճի մասին։
,, Իմ Հայաստանը» հոդվածում Լենկա Զավադիլովան անդրադառնում է մայրաքաղաք Երեւանի ամառային շոգին, գիշերային կյանքին ու երգող շատրվաններին, քրիստոնեության օրրան երկրի եկեղցիներին ու վանքերին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գտնվող Գեղարդից մինչեւ Խոր Վիրապ, Տաթեւ ու Սուրբ Էջմիածին։ Հեղինակը գրում է նաեւ հայկական եկեղեցու դերի ու նշանակության, խորը տպավորություն թողնող ժամերգությունների, հայկական խաչքարի, Վարդավառի տոնի եւ հայկական հյուրասիրության մասին։ ,,Հայաստանի մասին կարելի է անվերջանալի գրել, բայց ավելի լավ այցելեք եւ հայտնաբերեք նրա տարբեր իմաստները,,- գրում է Լենկան։
Պավելն, ի դեպ, իր հոդվածն ավարտում է շնորհակալություն հայտնելով բոլորին, եւ հայերեն եզրափակում՝ ,,Հաջող,,։
Համարում տեղ են գտել նաեւ Հայաստանի մասին պատմող անհրաժեշտ տեղեկությունների ցանկ՝ ինչպես հասնել Երեւան, կամ տարվա որ եղանակին ուր կարելի է գնալ, եւ ինչու է պետք ճամփորդել Հայաստան։
,,Հայուհու աչքերով,, հարցազրույցում ամսագիրը ներկայացրել է 1993 թվականից Չեխիայում բնակություն հաստատած Անի Հակոբյանին, որը պատասխանել է թղթակցի մի քանի հարցերին, նշելով, թե որոնք են Հայաստանի իր սիրած տեսարժան վայրերը, որոնք են Հայաստանի խնդիրները, ինչպիսի ընդունված ավանդույթներ ու ընտանեկան հարաբերություններ են գործում իր հայրենիքում։
Հոդվածաշարը ուղեկցվում է բազմաթիվ լուսանկարներով, որոնք ներառում են ոչ միայն հայաստանյան գեղատեսիլ բնապատկերները, այլեւ եկեղեցիները, հոգեւորականներին ու մարդկանց առօրյան։ Համոզված ենք, որ այն ընթերցելուց հետո, թե Չեխիայում եւ թե Սլովակիայում շատերը կցանկանան ճամփորդել Հայաստան։
Հիշեցնենք, որ Lidé a Země ամսագիրը ամենահին չեխական պարբերականներից մեկն է, որը հրատարակվում է 1952 թվականից։ Այն տարածվում է ոչ միայն Չեխիայում, այլեւ՝ Սլովակիայում։
Հ.Ա. Օրեր