Ռումինիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանը մասնակցեց Ռոման քաղաքում հունիսի 18-ից 20-ը անցկացված ռումինահայ ականավոր գրող, բանասեր, թարգմանիչ Կարապետ Իբրըիլյանուի 150-ամյա հոբելյանին նվիրված ազգային փառատոնի 4-րդ թողարկմանը, որը կազմակերպվել էր Ռումինիայի հայերի միության Ռոմանի մասնաճյուղի նախագահ Էմմանուել Նազարեթյանի նախաձեռնությամբ՝ Ռումինիայի Գրողների միության, Տեղական խորհրդի և Ռոմանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ:

Միջոցառմանը մասնակցում էին Ռումինիայի հայտնի մտավորականներ, գրողներ, գրականագետներ, գրաքննադատներ, որոնց թվում էին Ռումինական ակադեմիայի փոխնախագահ Ռըզվան Թեոդորեսկուն, գրող, գրաքննադատ պրոֆեսոր Միհայ Զամֆիրը, Ռումինիայի գրողների միության փոխնախագահ, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, ով վարում էր փառատոնի շրջանակներում տեղի ունեցած մրցանակաբաշխության արարողությունը:

Փառատոնի ավարտին ներկաներն ակնդրեցին Արմինե Ոսկանյանի «Քաշմի կապոց» կարճամետրաժ ֆիլմը և ունկնդրեցին հայկական սիրված մեղեդիներ ու երգեր՝ ռումինահայ հայտնի կոմպոզիտոր և երաժիշտ Գաբրիել Դեդեյանի կատարմամբ:
Միջոցառումը լայնորեն լուսաբանվել է ռումինական ԶԼՄ-ների կողմից:
Տեղեկանք. Նեամց նահանգի վարչական կենտրոն, 60 հազար բնակիչ ունեցող Ռոմանը Ռումինիայի պատմական հայտնի քաղաքներից է, ուր հայերը բնակվել են դեռևս միջնադարից: Քաղաքում է գտնվում ճարտարապետական գեղեցիկ հորինվածքով 1609թ. կառուցված Սբ. Աստվածածին հայկական եկեղեցին, հարակից նախկին հայկական դպրոցը: Ռոմանն ունի փոքրաթիվ հայ համայնք՝ հիմնականում մտավորականներ:
Ռոմանի և Դիլիջանի միջև պաշտոնական կապերը հաստատվել են 2012թ. մայիսի 17-ին` համագործակցության համաձայնագրի ստորագրմամբ: 2015թ. Ռոմանում գործում է Ռումինիայի Հայոց Միության տեղական մասնաճյուղը, որը ջանքեր է գործադրում հայապահպանության, Ռոմանի և Դիլիջանի միջև մշակութային, կրթական և այլ ծրագրերի իրականացման ուղղությամբ:
orer.eu
